Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց խորհրդարանական բոլոր ուժերին, պատգամավորներին.
«Ես ասել եմ, որ ատելության, անհանդուրժողականության էջը փակված է, և խորհրդարանական բոլոր ուժերը, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս նոր, այս հաղթանակած, ապագային հավատացող Հայաստանին, այս փառապանծ և հերոսական ժողովրդին, և մենք որևէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, նսեմացնել։ Մատուցեք ձեր ծառայություններն այս հաղթանակած ժողովրդին և դրանով ձեզ լիարժեք կդարձնեք՝ ՀՀ հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»։
Փաշինյանն ասաց, որ, թեև շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց դրանք տարբեր պատճառներով չեն կայանում.
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված են օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել և եթե կան բարդություններ, բանակցություններ այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ազգային ժողովի խորհրդարանական «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ»:
Նա կոչ արեց չկորցնել զգոնությունը՝ ավելացնելով, որ բողոքի ակցիաները, գործողությունները մայիսի 29-ից նոր թափով, նոր սիրով, նոր վճռականությամբ, նոր հաղթանակով պետք վերսկսել. «Առավոտյան ժամը 8-ից հեղեղել մայրաքաղաքի փողոցները»,– ասաց Նիկոլ Փաշինյանը: