Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
«Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:
«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է: Եթե Նա այլ հայտարարություն աներ, ապա նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 29-ին Նյու Յորքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»,- հայտարարել է Տոնոյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: