ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանից կողմից ցանկացած սադրանքի: Այդ մասին Քոչարյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանում այս օրերին անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին և այն մեկնաբանություններին, որ այդպիսով Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
«Բնական է, մենք դրանց հետևում ենք, միշտ պետք է պատրաստ լինենք նրանց կողմից ցանկացած քայլի: Տվյալ պարագայում կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, նաև նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով բացատրել զորավարժությունների անցկացումը, պետք է միշտ ուշադիր լինել Ադրբեջանի գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»,- ասաց Քոչարյանը:
Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը՝ ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: