Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողջունեց կառավարության անդամներին, ասելով, որ սա Աժ ընտրություններից հետո կառավարության առաջին նիստն է։
«Ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում, որ մեր անելիքները դեռ առջևում են, և ինչը նշանակում է, որ մենք առնվազն ինչ-որ բան կարողացել ենք անել»-ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ուղենշեց առաջիկա նիստերի իրենց մի քանի կարևոր անելիքները.
«Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է։ Ես ուզում եմ ՀՀ-ի պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա։ Իմ ուղիղ հանձնարականն է՝ ստեղծել պայմաններ և չառաջացնել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար։
Երկրորդ խնդիրը ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացումն է:
Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու՝ մեր տեսլականի հետ: Սա մեր առաջիկա կարևոր անելիքներից մեկն է։ Հաջորդ հարցը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է։
Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը նշեց, որ լրջագույն անելիքներ կան նաև կրթության և առողջապահության ոլորտներում ։