Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը:  BBC News-ին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ: «Ամենից առաջ պետք է նշեմ, որ ես Սահմանադրության պահպանման երաշխավորն եմ: Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը: Շատ գործոններ, ինչպես նաև երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»,-նշել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ ինքն ունի մեծ դերակատարում՝ հորդորելու յուրաքանչյուրին Սահմանադրության համաձայն գտնել լուծումներ այս ճգնաժամում:

 

Արմեն Սարգսյանը նաև երախտիքի խոսք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ  և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին, ով, նրա խոսքով, անսացել է ժողովրդի ձայնին ու հրաժարական տվել վարչապետի պաշտոնից: «Այլ երկրներում ու այլ ժամանակներում նախագահները պայքարում են իրենց քաղաքական կարիերայի համար մինչև վերջ, բայց նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց խիզախություն ու հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: