Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին: