Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում կարտահայտի վարչապետի ընտրության ժամանակ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մեր որոշումը միասնական է, որի մասին կլսեք խմբակցության ելույթի ժամանակ»,-ասաց պատգամավորը: Լրագրողի ճշտող հարցին՝ «այսինքն՝ միասնակա՞ն եք քվեարկելու», Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «համբերեք մի փոքր»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտավախություն չունի, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր չդառնա վարչապետ, լարվածությունը կմեծանա՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն: Պարզ չէ՝ որ դեպքում լարվածությունը կմեծանա, ինձ համար ամենակարևորը իմ երկրի անվտանգությունն է»: ՀՀԿ-ական պատգամավորը նաև նկատեց, որ չեն բռնանում որևէ մեկի քվեարկության վրա, այլ միասնական որոշման են եկել:
Հարցին, հնարավո՞ր է միասնական որոշում լինի դեմ քվեարկելու մասին, սակայն որոշ պատգամավորներ կողմ քվեարկեն, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ձեզ մի քանի անգամ ասել եմ՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»: