ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 2-ին հայտարարություն է տարածել՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին՝   կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության  մեջ ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝  քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա:

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»: