Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ օրվա նիստը:

Գրանցվեց 66 պատգամավոր: Մայիսի 2-ին նիստի մեկնարկի համար քվորում չէր ապահովվել: Քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է բոյկոտը և մասնակցում նիստերին:

 

Գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 12 հարց է: Քառօրյա նիստի ընթացքում կքննարկվի նաև ՍԴ անդամի ընտրության հարցը: ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

 ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին: