«Որևէ պաշտոնի սակարկություն, առևտուր «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ չի եղել, չկա, այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորն ուրախ են այս պրոցեսներով։
Որևէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը, չկա այս պահին, և ես կարծում եմ՝ սազական չէ այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ վաղ է խոսել կոալիցիայի ձևավորման մասին։ Նա վստահ է, որ ցանկացած սցենարի դեպքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ: Փաշինյանին պաշտոնապես վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն կան․ 35 պատգամավոր ձևաթուղթը ստորագրել է։
Միրզոյանը նշեց` անկախ նրանից, թե ինչ կուսակցական պատկանելություն կունենան, ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերը մնալու են։