Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը երկրում նոր փոփոխությունների սկիզբ կդնի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվում է վարչապետի պաշտոնում, մենք ունենում ենք մի իրավիճակ, որ փաստացի այսօրվա ընդդիմությունը ստանձնում է իշխանություն, այսինքն՝ գոնե գործադիրի մակարդակով երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, ինչը կլինի նոր բարեփոխումների, նոր փոփոխությունների սկիզբ մեր երկրում»,- ընդգծեց նա:

 

Մարուքյանի խոսքով՝ առաջիկայում հարկավոր է ամեն ինչ անել մարդկանց հույսերն արդարացնելու, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հաջողությունները կապիտալիզացնելու համար: «Յուրաքանչյուրս մեր տեղում այնպես պետք է անենք, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն այն արատավոր երևույթները, որոնք մենք միշտ քննադատել ենք: Խորքային և համակարգային շատ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է այդ խնդիրները լուծելու և մեր քաղաքացիների կյանքը դեպի դրական տանելու համար»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ: