Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում կսատարի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դուք գիտեք, որ մենք միացել էինք համաժողովրդական շարժմանը, հայտարարել էինք ժողովրդի առաջադրած թեկնածուին սատարելու մասին և տվյալ դեպքում սատարելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչի դիմաց է «Ծառուկյան» դաշինքը իր աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ դաշինքը երբեք նախապայմաններ չի թելադրում և այդ քայլին գնացել են առանց նախապայմանների:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հետ ընտրվելու դեպքում կոալիցիա կազմելու հնարավորությանը: Նա նշեց, որ այդպիսի հարց չեն քննարկել և հավելեց, որ նմանատիպ բոլոր հարցերին կկարողանան անդրադառնալ վարչապետի ընտրությունից հետո:
Պատգամավորը նաև հույս հայտնեց,որ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ կմնա նախօրեին արված հայտարարությանը և չի խոչընդոտի վարչապետի ընտրությանը:
«Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ:
«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին: