Փարձագետ  Նարեկ Մինասյանի համոզմամբ՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակության կողմից ընթացող զարգացումները բերեցին նրան, որ ստեղծվեց մի իրավիճակ, երբ ղարաբայան հարցի բանակցային գործընթացում հայկական կողմն է հիմնական բանակցողը. «Այս առումով՝ հետաքրքիր է դիտարկել շարժման ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները. եթե շարժման առաջին փուլում էական հայտարարություններ չէին արվում Ղարաբաղի մասով, ապա ավելի ուշ տեղի ունեցավ որոշակի անդրադարձ այդ հարցին՝ միջազգային մամուլի հետ հանդիպման ընթացքում և Ազգային ժողովում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա խաղաղ և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, իսկ Արդբեջանի ռազմական ագրեսիան բացասական է ազդում հակամարտության կարգավորման վրա և հայտարարվեց նաև այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է գործիքակազմ  օգտագործեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մինասյանը:

 

Վերջինս նշեց, որ այս պահին հարց է, թե նոր քաղաքական իրավիճակում Փաշինյանը նոր բանակցություննե՞ր է սկսելու, թե՞ որպես հիմք օգտագործելու է նախորդ բանակցությունները. «Բանակցային ողջ բլոկը բավականին մեծ և ծանրակշիռ գործ է, և եթե ինստիտուտները նորմալ աշխատեն, Փաշինյանը կկարողանա վարել բանակցությունները: Բանակցային նախորդ փաթեթները պետք է ընկալել, հասկանալ դրանց վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերի դիրքորոշումները: Սա շատ լայն բլոկ է, որին տիրապետելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է լինելու»,-ասաց փորձագետը: 

Անդրադառնալով  ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ադրբեջանի ռազմական քաղաքականությանը՝ Նարեկ Մինասյանը նկատեց, որ Ադրբեջանն արձագանքեց դրան ինչպես մեդիադաշտում որոշակի ակտիվությամբ, այնպես էլ  Միլի Մեջլիսում Ղարաբաղի հարցով հատուկ նիստ անցկացնելով:

Մինասյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այս օրերին սադրանքների դիմեց սահմանին՝ նկատվեց հակառակորդի զինուժի և ռազմական տեխնիկայի ակտիվացում, ինչն էլ ստացավ Մինսկի համանախագահների արձագանքը՝ նրանք կոչ արեցին չսրել իրավիճակը:

Նարեկ Մինասյանը դրական որակեց օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հանդիպումները և նկատեց, որ դա վկայում է նոր որակի և քաղաքական նոր մշակույթի մասին: 

Աղավնի Սուքիասյան