ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, վարչապետի ընտրությունների նախօրեին, ուղերձ է հղել՝ ուղղված ԱԺ-ում ներկայացուցիչներ ունեցող քաղաքական ուժերին: Ուղերձում ասվում է.

Սիրելի հայրենակիցներ,

Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: 

Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը: 

Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև: 

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսևորեն առավելագույն խոհեմություն ևհեռատեսություն և կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:

Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:

Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:
Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, և մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:

Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի: