«Երկրին կարելի է ծառայել ամենատարբեր ձևերով և մասնագիտական աշխատանքը՝ հինված փորձի և գիտելիքի վրա՝ միշտ անհրաժեշտ է: Իմ ծառայությունը լինելու է բազմազան և բազմատեսակ: Ես շարունակելու եմ լինել քաղաքական դաշտում»,-ասաց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում իր փոխարեն Դավիթ Տոնոյանի թեկնածության քննարկման մասին լուրերին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանին ճանաչում է ավելի քան 19 տարի, նա ունի փորձ և գիտելիքներ. «Ինձ համար շատ հարմար կլիներ Դավիթ Տոնոյանին տեսնել Պաշտպանության նախարարի պաշտոնում»,-ասաց Սարգսյանը:
Պատասխանելով թավշյա հեղափոխության մասին հարցին՝ Սարգսյանը նկատեց, որ կատարվածն ինքը հեղափոխություն չի համարում, քանի որ հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն և մեկ մարդու փոխարինել են մեկ այլ մարդով:
«Մենք ունենք փոքրամասնության վարչապետ, ինչը վտանգներով լի է, փաստորեն, ամեն անգամ մարդիկ պետք է դուրս բերեն փողոց, իսկ դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից, որովհետև ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փոքրամասնության վարչապետին, նրանք փողոց դուրս կբերեն մարդկանց՝ ճնշում գործադրելու պատգամավորների վրա, բայց կարող են գտնվել մարդիկ, ովքեր կարողանալու են ավելի շատ մարդ դուրս բերել փողոց»,-ասաց Սարգսյանը և ընդգծեց, որ՝ այո՛, այս հարցում իշխանությունների պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ պետք է անեին այնպիսի քայլեր, որ երկիրը չհասներ այս վիճակին: