Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Ես պետք է ասեմ, որ տեղի ունեցավ շատ անկեղծ և կառուցողական խոսակցություն: Մենք պայմանավորվել ենք այդ խոսակցությունը շարունակել մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց, որ հեռախոսազրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան և զարգանան նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: «Իհարկե, բոլոր անդամ երկրները պետք է մտածեն մասնակցությունն այդ կազմակերպություններին առավել արդյունավետ դարձնելու մասին: Ես նկատի ունեմ, որ առևտրաշրջանառությունը պետք է մեծանա այնպիսի ծավալներով, որ այդ տնտեսական ծավալի մեծացման արդյունքները նկատելի և տեսանելի լինեն մեր քաղաքացիների համար: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություներում սպասում ենք միայն դրական զարգացումներ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: