Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում Մայիսյան հաղթանակների տոնի օրը նշանավորվել է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը, հուշարձանը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարեւանությամբ: Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը, գյուղապետարանի աշխատակիցներ, գյուղի երկու միջնակարգ դպրոցների մանկավարժները եւ աշակերտները, Արցախյան գոյամարտի վետերաններ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում զոհվածների ընտանիքների անդամներ, հյուրեր, անհատ քաղաքացիներ:

 

Հուշարձան-խաչքարը պատրաստվել եւ տեղադրվել է արտերկրում բնակվող մի խումբ զոլաքարցի գործարար-բարերների միջոցներով: «Զոլաքարն Արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ է տվել,որոնցից երկուսն իրենց անունը փառքով են պսակել՝ Ալվարդ վարդանյանը, ում անունը հպարտորեն կրում է մեր դպրոցը, եւ Տիգրան Աբրահամյանը, ում անունը կրում է Մարտունի քաղաքի ավագ դպրոցը:

Գագիկ Մելքոնյանը եւ Դավիթ Հայրապետյանը հերոսի մահով ընկան Ապրիլյան հերոսամարտերում: Ամեն տարվա մայիսի 9-ին մեր գյուղն իր հարգանքի տուրքը կմատուցի հավերժացած մեր հերոսների, բոլոր այն հայորդիների սուրբ հիշատակի առաջ, ովքեր կյանի գնով մեր հողին բերեցին հաղթանակ եւ խաղաղություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սամվել Մելիքյանը:

Խոսրով Խլղաթյան