Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին: Նա հայտնել է, որ մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ' քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ,
2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում' տեսական ֆիզիկայից մինչեւ միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։
Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում եւ արարում են Հայաստանում' հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։
Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելու եւ ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին' վստահ էի, որ իմ' որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննարկելու առիթներ դեռ անպայման կունենանք։
Օգտվելով առիթից' երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։
Կցանկանայի նաեւ շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին' տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։
Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարեւոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը' հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։
Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության եւ ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։
Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ' քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները»։
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր և հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: «Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված էր բաց նամակում: