ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների, մասնավորապես, կառավարության ձևավորման մասին՝ նշեց, որ քաղաքական դաշտը նոր շունչ է ստացել:
Նա նշեց՝ սկսած մարտի 31-ից՝ հասարակության մի մասը հավատալով, մի մասը չհավատալով, մասնակցելով կամ չմասնակցելով՝ տեսավ գործընթաց, որը բերեց փոփոխությունների: Շատերն այն անվանեցին ազգային զարթոնք, շատերը՝ փոփոխություն, իշխանափոխություն:
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունների մեջ դիտարկում ենք նաև այսօրվա կառավարությունը. «Այս ամենի մեջ պետք է լինի երկու գաղափար: Առաջինը պետք է վստահությունն լինի, եթե մենք վստահել ենք, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ուրեմն պետք է շարունակենք վստահել նրա գործողություններին: Երկրորդը՝ նոր շունչն է, երկար ժամանակ խոսում էինք փոփոխությունների մասին և հիմա եկել են նոր, երիտասարդ մարդիկ, ովքեր չունեն նախկին կապերը, որտեղ կոռուպցիոն գործընթացներ էին ու պրոբլեմներ:
Փոփոխությունը ոչ միայն այդ թիմի, այլև բոլորիս մեջ պետք է լինի: Եթե հանկարծ պարզվի որևէ տեղակալ կամ նախարար չի կարողանում կատարել փոփոխություն, վստահ եմ՝ մենք բոլորս արդեն սովորել ենք պահանջատեր լինել և կարող ենք այդ հարցը լուծել համապատասխան մեխանիզմներով»,- ասաց Պողոսյանը:
Նա ընդգծեց՝ իրեն երբևէ չի հետաքրքրել անձերի քննարկման դաշտը և ավելացրեց, որ իր համար գլխավորը նպատակային, ծրագրային գործողություններն են լինելու, որոնք հիմնված են լինելու արդյունքի վրա: