Հայաստանում աշխատող ստոմատոլոգները պահանջում են հարկային օրենսգրում անհրաժեշտ փոփոխություններ, քանի որ արտոնագրային վճարի և եկամտահարկի միջև կան լուրջ անհամատեղելիություններ. «Չկա մեկն, ով իր ոլորտի համար պայքարի, անգամ Հայաստանի գլխավոր ստոմատոլոգը նախկինում չփորձեց պայքարել արտոնագրային վճարի դեմ, ինչը խոչընդոտ ստեղծեց աշխատող ստոմատոլոգների համար: Նախկինում շահութահարկ էր 20 տոկոս, մենք կողմ էինք, որ այդպես էլ մնա, սակայն հարկային մարմինները պնդում էին, որ չեն կարողանում վերահսկել և 2013 թ. մտցրեցին արտոնագրային վճար՝ 80 հազար դրամի սահմաններում»,-այս մասին այսօր նշեց  «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը՝ ընդգծելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություննեով դիմել նորանշանակ կառավարությանը՝ պահնջելով մեկ հարկատեսակի կիրառում, կամ արտոնագրային հարկի չափի նվազեցում:

 

«Առողջապահության նորանշանակ նախարարին ներկայացրել ենք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, նախարարը խոստացել է քննարկում կազմակերպել ՊԵԿ-ի համապատասխան մարմինների հետ՝ հնարավոր նոր փոփոխություններ իրականացնելու համար»,-ասաց Գևորգյանը: 

ԼՈւՐԵՐ.com-ին Գևորգյանը հայտնեց, որ քանի որ կառավարության կազմը նորանշանակ է, ուստի պատրաստվում են մայիսի 30-ին անցկացնել ժողով, ներկայացնել բազմաթիվ ստոմատոլոգների առաջարկությունը՝ պահանջելով մեկ հարկատեսակի կիրառում և ստոմատոլոգներից պահանջվող որակավորման շատ հստակ չափանիշներ. «Մենք ակնկալում ենք նաև պետպատվերի ավելի մեծ քանակ, ներկայացնել աշխարհի զարգացած երկրների լավագույն փորձը այս ուղղությամբ, մենք վստահ ենք, որ մեր երկրի տնտեսական վիճակն այն փուլում է գտնվում, որ չենք կարող լավագույնը պահանջել, սակայն փորձելու ենք պահանջել հնարավորը՝ ստոմատոլոգիական ծառայությունների բարելավման համար»: 

Գևորգյանը նաև նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունների պահանջով դիմել է ՀՀ գլխավոր ստոմատոլոգին, վերջինս նույնպես կիսել և կիսում է  ստոմատոլոգների 80 տոկոսի պահանջը, նախկինում չէր կարողանում պայքարին միանալ, հիմա ստեղծված նոր քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ վստահ են, որ ստեղծվել է լավ հնարավորություն՝ իրենց պահանջները կատարելու համար:

Աղավնի Սուքիասյան