Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ «Սասնա Ծռեր»-ին, քանի որ նրանց աջակիցները երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են ազատ արձակել «Սասնա Ծռեր» խմբի բոլոր անդամներին:

«Պետք է շատ հստակ ձևակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամենը: Որովհետև ես իմ դիրքորոշումները հստակ հայտնել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու մասին: Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ և բոլոր հարցերն օրենքով կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Սակայն ընդգծել էր նաև, որ «Սասնա Ծռեր»-ի գործն այլ է, քանի որ նրանց կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողությունների հետևանքով մարդիկ էին զոհվել: