ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցառումներ` ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածն առ այն, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:

 

Դեպքի առթիվ մայիսի 4-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ   Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 5-ին և նույն օրն  ընդունվել վարույթ:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի 2001թ. ծնված բնակիչը, իր անչափահաս ընկերների հետ մասնակցելով բողոքի ակցիաներին, 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, այլ անձանց հետ փակել է  Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի երթևեկելի հատվածը: Գործողություններն իրականացնելու ժամանակ անչափահասների և ճանապարհը անցնել ցանկացող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բռնություն են գործադրել անչափահասների նկատմամբ, իսկ ավտոմեքենայի վարորդը  նաև փայտյա մահակով է հարվածել 2001թ. ծնված անչափահասին: Վերջինս քրեական գործով ճանաչվել է տուժող։ Եվս երկու անչափահասի ծանուցագիր է ուղարկվել՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն դեռ չեն ներկայացել։

Մայիսի 15-ին 4 անձ՝ Ս.Հակոբյանը, Ս.Բաղդասարյանը, Վ.Մխիթարյանը և Գ.Ազարյանը,  ներգրավվել են  որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած մահակը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: