Հայաստանի մի խումբ փաստաբաններ երաշխավորության հայտարարություն են տարածել՝ ուղղված Նախագահ Արմեն Սարգսյանին՝ փաստաբան Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրելու առաջարկով: Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ երաշխավորության հայտարարությանը արդեն իսկ միացել է 228 փաստաբան:
Վարոսյանն ահազանգում էր նաև, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը որպես Սահմանադրական դատարանի անդամի ներկայացրած փաստաբաններին տարբեր անձինք զանգում են՝ առաջարկելով հրաժարվել ստորագրություններից: Նրա կարծիքով՝ դրա հեղինակը Հրայր Թովմասյանն ու իր «փաստաբաններն» են:
Վահե Գրիգորյանն էլ, անդրադառնալով իր՝ ՍԴ անդամ դառնալուն՝ նշել է, որ այդ մասին խոսք կարող է գնալ, եթե դրա ընտրությունը կատարվի փաստաբանների կողմից առաջարկվող մրցութային ընթացակարգով. «Մինչև այդ մրցութային ընթացակարգը չլինի, այսինքն, մինչև չդադարեցվի թեկնածությունների կամայական ընտրությունը` անկախ նրանից, թե թեկնածուները կընտրվեն մասնագիտական խորհուրդների հիման վրա, թե այլ մարմնի կողմից, ես մինչև այդ նախընտրում եմ չքննարկել: Ես սպասում եմ մինչև այդ ընթացակարգի ներդրումը, իսկ դրանից հետո կառաջադրվեմ»,- ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանները դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամ դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:
«Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում»,- ասված է փաստաբանների ներկայացրած դիմումի մեջ:
Նշենք՝ Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամ չընտրվեց:
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն: Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:
ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին: