Վարորդներն ահազանգում էին, որ այսօր՝ մայիսի 24-ին, Վերին Լարսի անցակետում չեն թույլատրում հայկական ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ավտոբուսների և միկրոավտոբուսների մուտքը Ռուսաստան՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
Թեև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 1-ից Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա և չնայած նրան, որ որոշման ուժի մեջ մտնելուն դեռ մեկ շաբաթ կա, այսօր արդեն իսկ թույլ չեն տալիս առանց լիցենզիայի հատել սահմանը:
Այս առիթով «Հայրենիք տուր» ընկերության տնօրեն Գրիգոր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երբ 10 օր առաջ ահազանգել է նախարարության համապատասխան բաժին՝ հետևյալ պատասխանն է ստացել. «Ինձ մեր թավյա հեղափոխության տրամաբանությամբ պատասխանել էին, թե՝ դուխով գնացեք, նման փաստաթուղթ դեռ չենք ստացել ՌԴ համապատասխան մարմիններից, և ձեզանից ոչ ոք չի կարող ոչինչ պահանջել: Հարգելի տրանսպորտի նախարարություն, Դուխովը Ռուսաստանում չի անցնում, լավ կլինի՝ ավելի գործնական քայլեր մտածեք»:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ, լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ապա նշեց, որ ավտոբուսն արդեն բաց է թողնվել: Պարզաբանելով կատարվածը՝ նախարարն ասաց՝ դա կապված է նրա հետ, որ անցած տարի համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի հետ, որ մեր ուղևորափոխադրումները կատարվեն միայն լիցենզիաներ ունեցող ու թույլտվություն ստացած կազմակերպությունների կողմից: «Հաշվի առելով նաև այս տարի ՌԴ-ում կայանալիք Ֆուտբոլի առաջնությունը, հիմա բավականին խստացվելու է կարգը: Ռուսական կողմը պարզապես մի փոքր շտապել է, որովհետև մենք դեռ չենք հասցրել փոխանակվել այն ցանկերով, որոնք որ իրավունք ունեն ուղևորափոխադրումները կատարելու»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն կապ են հաստատել ՌԴ տրասնպորտի նախարարության հետ, նաև ՊԵԿ-ն է կապ հաստատել։