Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ օգտագործված բեռնատարը չի անցել Վրաստանի մաքսային սահմանը:
Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, փոխանցում է Իզվեստիա-ն:
«Լսվում են որոշակի մեղադրանքներ, որոնք հիմքեր չունեն: Ոչ մի բեռ՝ տրոտիլով, ոչ բեռնատար կամ վագոն՝ այլ պայթուցիկներով չի հատել մաքսային սահմանը: Եթե որևէ մեկը կպնդի, թե ինքը հատել է պետական սահմանը, հետաքննություն կսկսվի և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Այդուհանդերձ, կարծում եմ, որ չպետք է արդարանալ այն բանի համար, թե ինչ-որ մեկն այդպես է ասել: Ես գիտեմ, որ բեռնատարը չի հատել մաքսային սահմանը»,-հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ, միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ ՊԵԿ-ը:
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի՝ 5, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3 քաղաքացիներ: Նշվում է, որ պայթուցիկ սարքը, որով պայթեցվել է կամուրջը՝ ի թիվս այլ երկրների, տեղափոխվել է նաև Հայաստանի տարածքով: