Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում: Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին: Կարևոր է արձանագրել, որ Մովսես Հակոբյանը պաշտոնից ազատվել է ոչ թե, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհով, այլ փոխադարձ համաձայնության հենքով: Հասկանալի է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը, ըստ էության, քադաքական պաշտոն է և այստեղ հարցեր չկան, ՊՆ-ում էլ չեն թաքցնում, որ Դավիթ Տոնոյանի հետ լուրջ հույսեր են տածում: Սակայն այլ կարևորագույն պաշտոններում Նիկոլ Փաշինյանը պետք է առաջնորդվի ռազմաքաղաքական համարժեքության սկզբունքով և ըստ այդմ հարց է առաջանում՝ որքանո՞վ է Արտակ Դավթյանի նշանակումը համարժեք: Դավթյանն արդեն իսկ հայտնվել է սկանդալի կիզեկետում, այն բանից հետո, երբ Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, պնդելով, որ Փաշինյանն այս հարցում հապճեպ և սխալ որոշում է կայացրել՝ ամենապատասխանատու պաշտոնը վստահելով ամենաանպատրաստ գեներալին: Արտակ Դավթյանի նշանակելը հանրության լայն շրջանակներում տարակուսանք է առաջացրել՝ կապված վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցած դեպքերի հետ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ: Հատկանշական է, որ ի սկզբանե հենց Օնիկ Գասպարյանի անունն էր շրջանառվում որպես ԶՈւ գլխավոր շտաբի պետի ամենահավանական թեկնածու: Սակայն Փաշինյանը կայացրեց այլ որոշում և այժմ պետք է հասկանալ, թե որքանով է վարչապետի՝ պաշտպանական ոլորտում վարած կադրային քաղաքականությունը համապատասխանում փոփոխված իրականությանը, հատկապես, երբ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության պարագայում կանգնած է նաև Արցախյան խնդրում լուրջ վերափոխումների անհրաժեշտության առաջ: Փաշինյանն այս պահին ունի ՊՆ նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելու խնդիր, քանի որ համակարգում դեռևս երևում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի «ստվերը»: Սակայն արդյո՞ք նման կադրային փոխատեղումներով՝ Փաշինյանին կհաջողվի հասնել նոր կառավարության համար այս կարևորագույն խնդրի լուծմանը: Հատկապես, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ առանցքային պաշտոններում փոփոխությունները, կարծես թե, ուշանում են:
Մասնավորապես, դեռևս շարունակում է պաշտոնավարել ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ում համակագ է բերել Սերժ Սարգսյանը և ում անունը կապվում է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների հետ: Գուցե որպես առաջին քայլ անհրաժեշտ էր համակարգը մաքրել հենց նման կադրերի՞ց: Հապաղումը կարող է ունենալ անչափ վտանգավոր հետևանքներ, հաշվի առնելով պաշտպանության և անվտանգության ոլորտի կարևորությունը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրադրության մեջ ապրող պետության համար: Մյուս կողմից, ակհայտ է, որ նման կադրային քաղաքականությունն ի զորու չէ ամրապնդել Փաշինյանի դիրքերը ՊՆ-ում, իսկ դա կառավարության ղեկավարին այսօր ավելի քան անհրաժեշտ է:
Ստելլա Խաչատրյան