Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 2-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութ-սրահում, մահացած տղամարդ կա:

Ոստիկաններն ու քննիչները «Ոսկու աշխարհի» կենտրոնական մուտքի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է, որ սպանվածը Արամ Ասատրյանն է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած աձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա.Ավդալյանին և Ա.Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա.Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա.Ավդալյանը' տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: