Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն այլեւս չի պաշտոնավարի․ որոշումը կայացվել է մշակույթի նախարարի հետ քննարկման արդյունքում․ «Այսօր դեռ աշխատում եմ, բայց երկուշաբթի օրվանից դիմումս տվել եմ, նախարարի հետ համատեղ քննարկեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ ես դիմումս տալիս եմ։ Նոր քաղաքական թիմ է, նոր դիրքորոշում, թող նոր երիտասարդ ուժեր գան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է եւ դրական»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սամուելյանը։
Հնարավո՞ր է, որ իր այս որոշումը պայմանավորված է դատախազությունում գտնվող 2014-16թթ-ի հուշարձանների չարաշահումների գործերով. «Նշված տարիների ստուգումների արդյունքերը որեւիցե ձեւով իմ անձի հետ կապ չունեն, ես այդ ժամանակ համակարգել եմ աշխատանքները, այդ գործերը դատախազություն հենց մենք ենք ուղարկել եւ ոչ թե մեզ են մեղադրում, այլ՝ մենք ենք մեղադրում»։
Այն, որ չարաշահումների մասով այդ գործերում ներգրավված են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սամուելյանն ասաց․ «Եվ դուք ենթադրեցիք, որ դա ե՞ս եմ․․․վերջին օրերին անընդհատ այդ թեման շրջանառվում է, բայց իմ պաշտոնից դուրս գալը որեւիցե ձեւով կապ չունի ոչ 2014-16թթ-ի, ոչ 2017թ-ի ապագա ստուգումների հետ, դա անձնական որոշում էր, որը համընկել է նաեւ իմ վերադասի ցանկության հետ»։