Այսօր՝ հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ էլ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Լուսանկարում ցուցադրված է «Պոլոնեզ»-ի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ: Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.

Հեռահարությունը՝ 50 ” 200 կմ,
Մարտագլխիկի զանգվածը՝ 130 կգ,
Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):

Կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում:

Նորաբաց զորամասում ցուցադրել են նաև «Պոլոնեզ» համակարգի մաս կազմող կապի և ռադիոտեղորոշման մեքենաներ:

[Թարմացում] Զորամասում ցուցադրվել են նաև իսրայելական Israel Aerospace Industries-ի արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Հրթիռի տրամաչափը 610 մմ է, առավելագույն հեռահարությունը 300 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ:

Հիշեցնենք, որ 2017 թ աշնանը Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրել էին «Պոլոնեզ» համակարգ: Այս տարվա ապրիլին էլ Կոմերսանտ թերթը հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստովում է արդեն 2018 թ. Բելառուսից գնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: