Razm.info-ն գրում է. «Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ:

Լուսանկարում պատկերված բեռնատար ավտոմեքենայի դռան վրա ադրբեջանական դրոշ է երեւում։

Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տեւողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։

Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի հատով իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների պարս: Դեռեւս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման մասին, սակայն կոնկրետ երկիր չէր նշվում:

Ավելի վաղ՝ 2019թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաեւ Kargu ԱԹՍ-ների տաղավար:

 

Ավելին՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից մեկում երեւացել էր ադրբեջանական կողմից արձակած մահապարտ օբյեկտի պայթյունի կադրեր։ Կա հավանականություն, որ դա Kargu-ի մարտական կիրառման օրինակ է»։