«Կառավարությունում որոշումները կայացվում են բոլորի կողմից և այս պահի դրությամբ որոշվել է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պետք է գործի հուլիսի 1-ից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Խոսելով պարտադիր բաղադրիչի մասին, Մինասյանը ընդգծեց՝ ինքը գիտի դրա հակասահմանադրական լինելը. «Մենք համոզված ենք՝ պարտադիր կուտակային համակարգը ներկայիս ձևով չի համապատասխանում քաղաքացիների շահերին՝ հաշվի առնելով պետության տնտեսական ներկա պայմանները։ Մեր պայքարը Սահմանադրական դատարանում ու փողոցում հստակ հիմքեր ուներ։ Այս կառավարությունը ունի հնարավորություն ուսումնասիրելու հակասահմանադրականության հարցը: Սկզբունքայնությունը այդ հարցի լուծման ուղղությամբ հետևողական գնալն է»,- ասաց նախարարը:
«Երբ զգանք այլևս անհնարին է շարունակել, համոզված եղեք՝ կամք ու վճռականություն կա հեռանալու»,- ընդգծեց Մինասյանը։