Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: