2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով' լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատու կ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի հունիսի 23-ին խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև վնասել է վերջիններիս աշխատանքային գործիք հանդիսացող տեխնիկան՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

 

Բացի այդ, ոստիկանության կապիտան Տ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հիշյալ օրը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

 

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: