ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 8- ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատությունե լրագրող Ռոբերտ Զարգարյանին և Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից: