Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննության է կանչվել, սակայն Օհանյանը պնդում էր, թե չգիտի ինչի մասին է խոսքը, քանի որ ինքը ծանուցում չի ստացել: Այս առթիվ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին եւ հնարավոր է, որ հունիսի 13-ի դրությամբ այն ստացված չլինի:

«Մոտակա օրերին նշանակված օր ու ժամ կա: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ: Այդ կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան եւ քանի որ դա եղել է պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա հրավիրվել է հարցաքննության: Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է»,- ասաց Դավիթ Անանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է: