Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: