ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ' ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի Վարդենիսի բաժնի աշխատակիցներ Քաջիկ Բաղդասարյանին ու Վարանցով Ղազարյանին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն ապակին կոտրել մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Քաջիկ Բաղդասարյանը և Վարանցով Ղազարյանը ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու' մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները: Ոստիկանության աշխատակիցներն անձամբ են տեսել պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որտեղից վերցրել են հրազենային գնդակը և զեկուցել իրենց կողմից պարզված հանգամանքների մասին: Բաժնի պետն ապօրինի ցուցում է տվել' Մ. Ս.-ից հաղորդում չընդունել, այսինքն' թաքցրել է հանցագործության դեպքը հաշվառումից:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ Կարեն Մելիքյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչդատական վարույթում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Կարեն Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: