ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

 

 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձային՝ 2013 թվականի օգոստոսի 24-ին' ժամը 21:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 հիմնական դպրոցի մոտ նույն քաղաքի բնակիչներ, ընկերներ Դ.Բուդաղյանը, Ա.Շահվերդյանը և Լ.Հախինյանը հանդիպել են համաքաղաքացիներ Ա.Մարգարյանին ու նրա 2 ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

 

 

Առանձնազրույց ունենալու նպատակով Ա.Մարգարյանը և Դ.Բուդաղյանը վերջինիս առաջարկով առանձնացել են, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է առաջացել: Հանդարտեցնելու, վիճաբանության հետագա ընթացքը կանխելու նպատակով միջամտել են նրանց ընկերները, սակայն Դ.Բուդաղյանն ու Ա.Մարգարյանը հեռացել են՝ շարունակելով քաշքշել միմյանց, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Դ.Բուդաղյանի որովայնի առաջային պատին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

 

Լ.Հախինյանը մոտեցել է Դ.Բուդաղյանին, իսկ Արթուր Շահվերդյանը և Ա.Մարգարյանի երեք ընկերները շարունակել են վազել Ա.Մարգարյանի հետևից: Այդ ժամանակ Ա.Մարգարյանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ գտնված սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է նաև Ա.Շահվերդյանի ներքին օրգանների շրջանին՝ նրա առողջությանը ևս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

 

2013 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացվել՝ Արմեն Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

 

Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով 2013 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական գործով վարույթը կասեցվել էր:

 

 

Հետախուզման մեջ գտնվող Արմեն Մարգարյանը 2014 թվականի նոյեմբերի 3-ին կամովին ներկայացել է: Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

 

 

2015 թվականի մարտի 13-ին՝ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: