ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 21:55-ին, «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում' ճարպոնի արտանկումով, ներքին և ստամոքսային արյունահոսություն» մարմնական վնասվածքներով, «Սևան ԲԿ» ՓԲԸ է տեղափոխվել Սևան քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակիչը:
Դեպքի առթիվ 01.01.2019թ-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, դրդապատճառը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:
Նախնական քննությամբ ՝փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել նույն մարզի՝ 2000 թվականին ծնված բնակչի կողմից՝ Սևան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
01.01.2019թ-ին՝ ժամը 23:10-ին , Գեղարքունիք մարզի 18 ամյա բնակիչը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
2019 թվականի հունվարի 3-ին՝ 18 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: