Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով: 2014թ. սեպտեմբերի 30-ին' ժամը 14:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:

 

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լևոն Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին' ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լևոն Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ' նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի' իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունը հասցնել ավարտին:

 

Երևան քաղաքի Սարալանջ փողոցում' դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 գնդակ: Զննության է ենթարկվել Լևոն Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածք և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լևոն Հարությունյանի հայրը' Ա.Հարությունյանը, ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:

 

Հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ: