Հայաստանի 29 հնավայրերում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 5-ին Մշակույթի նախարարությունում քննարկվել են հնագիտության ինստիտուտի կողմից ներկայացված հայտերը՝ բաց թերթիկներ ստանալու համար: «Այդ 29 հայտերով նախատեսված մեր աշխատանքները կսկսենք հունիսից և կշարունակենք մինչև նոյեմբեր»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով՝ պեղումները կիրականացվեն երեք բլոկով: «Առաջինը դա մեր բազային հուշարձանների ուսումնասիրությունն է, որն անում ենք ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին համապատասխան: Այդ ծրագրերը հաստատված են պետության կողմից և ունեն պետական ֆինանսավորում: Իրականացվում են նաև վերականգնման, ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև փրկարարական պեղումներ»-ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը փրկարարական պեղումներից առանձնացրեց Դաշտադեմի ամրոցում իրականացված աշխատանքները: «Պեղումներն այնտեղ արդեն մեկնարկել են՝ Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագիրն ապահովելու նպատակով: Այս ամիսն էլ կաշխատենք, և կհանձնենք ճարտարապետներին»,-հավելեց հնագետը:

Պավել Ավետիսյանը Հայաստանյան հասարակական գիտությունների կարևորագույն խնդիրներից մեկը համարում է միջազգայնացումը: «Հայաստանյան գիտական խնդիրները պիտի միջազգային գիտության համար խնդիր դառնան, իսկ դրան օգնում են համագործակցությունը տարբեր երկրների հետ»,-ընդգծեց Ավետիսյանը, կարևորելով տարբեր երկրների հետ փորձի փոխանակումը: «Հայաստանի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործն այսօր հնագիտական ինտեգրացիայի շնորհիվ, ակնհայտորեն դարձել է միջազգային գիտության համար հետաքրքիր մի դաշտ»,-փաստեց ինստիտուտի տնօրենը, վստահեցնելով, որ եթե լուծվի տեղական լաբորատորիաներ ունենալու խնդիրը, ամեն տարի 15 միջազգային ծրագիր իրականացնելու փոխարեն, ինստիտուտը 30-40-ը կիրականացնի:

Հայաստանյան հնագիտության կարևոր ձեռքբերումներից և առանձնահատկություններից մեկն , ըստ Ավետիսյանի, պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունն է միջազգային լաբորատորիաներում: « Այս պահին աշխարհի տարբեր լաբորատորիաներում մի շարք գտածոներ ուսումնասիրության են ենթարկվում և ամեն օր նոր արդյունքներ ենք ստանում»,-հավելեց նա: