Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաշտության կոչ է անում և ձեռք սեղմելու հրավիրում:
Լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Գրիգորյանը նշեց, որ կան անձինք, ովքեր կանգնած են բողոքի ակցիաների հետևում, բայց ժողովրդի վիճակը չսրելու համար ձեռնպահ էր մնում հարցերին հանգամանալից պատասխաններ տալուց: «Այսօր ժամը 17:00-ին հրավիրում եմ Էջմիածին քաղաքի Հաշտության նստարանի մոտ, եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք»,-կոչ արեց Կարեն Գրիգորյանը:
Անդրադառնալով ցուցարարների հնչեցրած բողոքներին, որ մանկապարտեզները, քաղաքային հիվանդանոցը բարվոք վիճակում չեն, փողոցները՝ քանդված, անձրևներից հետո ջրափոսեր են առաջանում՝ Կարեն Գրիգորյանը նկատեց, որ խնդիրներ առկա են, բայց քաղաքային սահմանափակ բյուջեով հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել: Նա բարերարներին կոչ արեց գալ ու ներդրումներ անել քաղաքում, որպեսզի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը բարելավվի ու քաղաքից չհեռանան: Լրագրողի դիտարկմանը, որ ցուցարարների շարքերից հնչել են բողոքներ, որ նախկինում ներդրումների փորձ արվել է, բայց հանդիպել են ճնշումների, որին ի պատասխան՝ Կարեն Գրիգորյանն ասաց. «Եթե արձանագրվել են նման դեպքում, կան իրավապահ մարմիններ, թող դիմեն: Ես հիմա գնահատական տամ, եղել է, չի եղել: Եղել է, փաստեր ունեն, թող դիմեն: Ուղղակի քաղաքական հայտարարություններ անել, սրել իրավիճակը, այդպես չի լինում:Այն ժամանակ իշխանությանը չէիք հավատում, հիմա հավատում եք, հիմա դիմեք»:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա առաջարկում է՝ ցույց տան, թե կոնկրետ որ հարցերում է ինքը թերացել: «Ես անսխալական չեմ, եթե սխալներ արել ենք, դրա համար կպատժվենք, բայց օրենքի սահմաններում: Աշխատող մարդը չի կարող սխալներ թույլ չտալ, սխալներ արել ենք, դրա վրա սովորել ենք»,-ավելացրեց Էջմիածնի քաղաքապետը:
Մի քանի օր է Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Կան խոսակցություններ, որ դրանք ուղղորդված են քաղաքում հեղինակություն վայելով այլ անձանց կողմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել՝ «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում։ Թույլ չենք տա»: