Այսօր, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին:

«Սահմանադրությունը նշում է՝ այս հարցը պարտադիր քննարկման հարց է: Այն պատգամավորը, ով կասկածվում է որևէ հանցագործության մեջ և կա դատավարության պրոցես՝ արդյունքում չի կարող չլինել օրակարգում չընդգրկված հարց»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

 

Մարուքյանը նշեց, որ Սահմանադրության երկու սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրող՝ կառավարությունը և պատգամավորները՝ համապատասխան ստորագրություններով։ Հետևաբար, խորհրդարանը պետք է համաձայնություն տա քրեական հետապնդման և ազատությունից զրկելու։

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցին, պատգամավորն ասաց.

«Մենք վաղն ունենք արտահերթ նիստ։ Այս պահին կառավարությունը կարող է նիստ գումարել և օրակարգի որոշման մեջ լրացում կատարել, ավելացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունց զրկելու հարցը։ Այստեղ կա երկու բաղադրիչ՝ մեկը քրեական հետապնդումն է, մյուսը՝ ազատությունց զրկելու մասն է։ Երկու մասով էլ ԱԺ-ն պետք է համաձայնություն տա։ Այս հարցը կարող է ընդգրկվել օրակարգում, որովհետև վաղը լրանում է պարոն Գրիգորյանի ձերբակալման 72 ժամը»։

Իսկ թե Մանվել Գրիգորյանի ինչին էր պետք այդքան զենք-զինամթերքը, Էդմոն Մարուքյանը նկատեց. «Այդ կերպ պետության մեջ պետություն են դառնում։ Ես կարծում եմ` չպետք է որևէ ֆիզիկական անձ պետական գործառույթներ իրականացնի, օրինակ՝ ԵԿՄ-ն, որի գործառույթները պետք է պետությանը` ՊՆ-ին հանձնվեն»։