ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանն է։
1․ Հայոց պատմությունը լի է դիպվածներով, երբ հայ ժողովրդի օրհասական պահերին Մտավորականության Ձայնը հնչել է իբրև մարտակոչ, պատգամ, ուղերձ․ հասարակական ու քաղաքական այս ահռելի հարահոսում որտե՞ղ է մտավորականությունը, ոչ թե սոսկ անհատ Մտավորականը։
Աբ․Ափինյան - Մեր մտավորականությունը հարազատ ժողովրդի հետ է' Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Ժողովրդի ցավը, մտահոգությունը, հույսն ու հավատը հայ մտավորականի սրտի և հոգու մեջ փնտրեք' և այդ ժամանակ կգտնենք նաև շատ հարցերի պատասխաններ: Ցավոք, մինչ հիմա չգիտենք' ում մտավորական համարենք: Մտավորական է նա, ով իր ժողովրդի կողքին է նախ և առաջ գործով' թե չէ խոսել ամեն մարդ էլ կարող է: Երբ Արցախի համար ծանր այս օրերին' դեռ հուլիսի սկզբին, «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիր, երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, Կանադայում մեր ներկայացուցիչ Վահէ Թղլեանը կազմակերպեցին այցելություն Աղավնո, Բերձոր և Ստեփանակերտ, երբ երիտասարդ մշակութային գործիչ Սարգիս Հայենցը կապ հաստատեց Հայ-ռուսական կազակական միավորման հետ' գործելու համար հանուն Արցախի, ես կրկին անգամ համոզվեցի, որ գործն է մտավորականի կոչումը:
Մենք նպատակ էինք դրել ամեն գնով պաշտպանել Բերձորն ու Աղավնոն: Ցավոք, այդ ոգևորիչ այցելությունից շատ չանցած նշված բնակավայրեր մտավ ԱՀ կառավարության անդամը... պահանջելով, որ հայկական գյուղերի բնակիչները լքեն իրենց տները: Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի կլինեն կառավարության և քաղաքական-կուսակցական գործիչների կողմից:
2․ Հայաստանն ու Արցախը մեր արժանապատվության վերջին տարածքներն են․ նրանց փրկության համար ի՞նչ ենք անում համահավաք իմաստով և ի՞նչ չենք անում։
Աբ․Ափինյան - Մենք այսօր բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանը հզորացնելու' մեր բանակը, մեր մշակույթը, մեր տնտեսությունը: Դադարեցնել պարգևավճարները' Բանակը զինել է պետք: Սակայն ամենուր գործի գլուխ են կանգնել միջակությունները, անկարող մարդիկ: Նրանք կարող են միայն փչացնել ու կործանել, միակ «գործը», որ կարող անել' հող հանձնելն է' ինչն էլ անում են: Մեր քաղաքական դեմքերին ես ասում եմ' մի խոսեք, գործ արեք երկրի համար: Ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս' մի լսեք խոսողներին. զավզակությունը մեր տունը քանդում է: Լրագրողներն էլ պետք է դադարեցնեն բայղուշությունը, այս սոսկալի մեդիատեռորը' ուղղված մեր ժողովրդի դեմ: Փաստ է, որ Հայաստանում ոչ մի քայլ չարվեց Բերձորն ու Աղավնոն փրկելու համար:
Թեպետ հարգանքով եմ վերաբերվում մեր քաղաքական կուսակցություններին, բայց նրանք պետք է միավորվեն, գործեն միասին, ոչ թե անջատ-անջատ: Միշտ հիշեք' մենք բարեկամներ ունեք ողջ աշխարհում, բայց նրանց հետ պետք է աշխատել, նրանց պետք է Հայաստան հրավիրել: Օգոստոսի 29-ին մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը նշանավոր մտավորականների էր հրավիրել մեր երկիր' անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական խաթարված հարաբերությունները: Պետք է սերտացնել նաև հայ-ֆրանսիական, հայ-ամերիկան հարաբերությունները: Իսկ դրա համար, նորից կրկնեմ, մենք պիտի մեր թևերը քշտենք ու եռանդուն աշխատել սովորենք:
Արա Ալոյան