Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական NTV լրագրող Ահմեդ Յեշիլթեփեյի հարցերին պատասխանելիս, չի բացառել, որ Թուրքիան սիրիական Մանբիջից հետո կարող է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնել նաև այլ վայրերում:

Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Պատասխանելով Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված լրագրողների հարցերին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ստիպված է արտաքին քաղաքականության մեջ երբեմն կոպիտ ուժ կիրառել, երբեմն դիմել դիվանագիտական հմտությունների օգնությանը:

«Որոշ դեպքերում, ինչպես Աֆրինի, «Եփրատի վահան» գործողությունների ժամանակ, ստիպված ենք կոպիտ ուժ կիրառել: Որոշ դեպքերում էլ՝ դիվանագիտությունը լավագույնս օգտագործել: Թուրքիայի Հանրապետությունը ուժեղ է թե կռվի դաշտում, թե բանակցություններում: Թուրքիան ցույց է տվել, որ կարող է ցուցադրել իր ուժը: Մանբիջում իրականացրած գործողությունը թուրքական դիվանագիտության վերջին հաղթանակներից է: Թուրքիան Սիրիայում պայքարում է ահաբեկչության դեմ, և այս ամենով պայքարը չի սահմանափակվելու:»,-նշել է նախարարը:

Թուրքական զինված ուժերը հունիսի 18-ին սիրիական Մանբիջում սկսել են ԱՄՆ-ի հետ նախապես պայմանավորվածության արդյունքում ծրագրված գործողությունները:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ը Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցի վերաբերյալ գործողությունների պլանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: