«Ուսումնասիրություն է իրականցվել, ուսումնասիրությունների շրջանակներում իրականացրել են տեղանքների զննում: Երբ ապացույցները գնահատվեն, համալրվեն՝ հնարավոր կլինի ասել՝ իրավախախտում գտել են, թե՝ ոչ: Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էլլիպս» ընկերության տնօրենի փաստաբան Արամ Ղլեչյանը:
Փաստաբանը նշեց, որ իրավախախտում չունեն և օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը ենթադրում է հնարավոր բոլոր միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն:
Նա նաև անդրադարձավ օրեր առաջ «Սեքյուրիթի Դրիմ» շենքի զննության արդյունքներին. «Մենք անհրաժեշտ տեղեկատվությունը՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսական փաստաթղթերը իրենց ենք տրամադրել: Քանի որ դրանք մեծ ծավալի փաստաթղթեր են, նրանք բավարար ժամանակ ունեն այդ ամենը ուսումնասիրելու և համապատասախան հետևություններ անելու»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչությունը շրջափակել և ստուգումներ է իրականացրել «Էլլիպս» ընկերության շենքում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: