ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է իտալական «ԱՆԱՍ» ճանապարհաշինական ընկերության պատվիրակությանը' «Անաս Ինթերնեյշնլ»-ի առևտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզիին և Հայաստանում ու Վրաստանում ինժեներական թիմի պատասխանատու Մարկո Կասիարոյին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեության ուղղությունները, միջազգային շուկայում ունեցած փորձառությունը։ «ԱՆԱՍ»-ը պետական ընկերություն է, պատկանում է Իտալիայի կառավարությանը։
Դեռ անցած տարի ընկերությունը նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ։
Ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը' գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը։
«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին' երթևեկության կազմակերպման և տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։
Լորան Ֆրանսիոզիի խոսքով' սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները և ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։
Նախարարն էլ իր հերթին շեշտեց, որ ներկայում բավական ակտիվ են քննարկումները տարբեր միջազգային ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Սիսիան-Քաջարան հատվածի շինարարական նախագծով։
Միևնույն ժամանակ փաստեց, որ «ԱՆԱՍ»-ի մասին արձագանքները միայն դրական են և շատ գնահատելի է ընկերության միջազգային փորձը' այդ թվում մեր տարածաշրջանում։
Կողմերը պայմանավորվեցին հաջորդ քննարկումն ունենալ, երբ պարզ կլինեն հետազոտական աշխատանքների արդյունքները։