Հունիսի 21-ին տեղի է ունեցել Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Օդեսայի մարզպետ Մաքսիմ Ստեպանովի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում մարզպետը ողջունել է գլխավոր հյուպատոսի պատրաստակամությունը և մոտեցումը փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգացնելու հարցում'նշելով, որ այդ առումով առկա է բավականին մեծ ներուժ:
Մարզպետ Ստեպանովը նշել է նաև Օդեսայի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկայի միտման մասին:
Իր հերթին Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով Մաքսիմ Ստեպանովին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Օդեսայի իշխանությունների լավ վերաբերմունքը հայկական համայնքի հանդեպ և հույս հայտնել, որ Օդեսայի մարզի և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը կունենա դինամիկ և արգասաբեր բնույթ:
Հանդիպման ընթացքում խոսվել է տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարների մասին՝ հիմնական շեշտադրումն անելով տուրիզմի ոլորտում համագործակցության հնարավորությունների վրա: