«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաեւ արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։
Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջեւում նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ եւս կան օրակարգում»,- ասացին մեզ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Ա․ Սարգսյանը կմեկնի նաեւ ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիեւն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիեւը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Ա․ Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները եւս դեմ չլինեն»,- ասաց մեր աղբյուրը։
Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ․ եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսական գործունեություն է ծավալում Ադրբեջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում