ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած խոսակցություններին: 

Ապացույցների հետազոտման ընթացքում հրապարակվում են գործում առկա տեսաձայնագրությունները: Դրանցից մեկում գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», հեռախոսազրույց է ունենում մի քաղաքացու հետ, ում անվանում է մայոր: Վերջինս նրան հորդորում է հանձնվել, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում հնչած կրակոցների հետևանքով ոստիկանության ծառայող է զոհվել:

 

Ի պատասխան Խանդոյանը վստահեցնում է, որ իրենք կրակոց ընդհանրապես չեն արձակել. «Մեր մոտից կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում: Մեր կրակոցներից մարդ չի մահացել, էտի ձեր սնայպերներն են: Եթե դուք արյան ծարավ եք, մենք մեր ազգի արյան ծարավը չենք: Մայոր, նման բան գոյություն չունի, մենք մարդու վրա չենք կրակել: Ձեր սնայպերներին նայեք՝ որտեղից, որն է խփել»,- ասում է Խանդոյանը:

Այնուհետև, ձայնագրության մեջ, Արայիկ Խանդոյանը, դիմելով Արեգ Կյուրեղյանին, ասում է, որ չկրակեն. «Արեգ ջան, կրակոց չլինի, մենակ՝ ներխուժման դեպքում: Կրակոց՝ բացարձակ չլինի: Ձեր տեղերը չմատնե՛ք, ոչ մի բան չփորձարկե՛ք, ախպե՛ր»,- ասում է նա: